Քայլարշավը սկսվում է «Կանաչ տուն» հանգստյան գոտուց, որտեղից դեպի «Լաստիվեր անապատ» տանող մոտ 3,5 կմ անտառային արահետներով արշավը տևում է մոտ 4-5 ժամ (ներառյալ հիշյալ տարածքում զբոսանքը), իսկ ճանապարհին բացվող բնության գեղեցիկ տեսարանները գրավում են բնության սիրահարներին և էքստրեմալ զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են հաճելին համատեղել օգտակարի հետ։ Քայլարշավի ընթացքում զբոսաշրջիկները կարող են տեսնել Լաստիվերի տարածքում գտնվող քարանձավ-անապատը, Սառնաջուր գետը, գետի մեծ և փոքր ջրվեժները՝ անցնելով տավուշյան սաղարթախիտ անտառով։ Անտառում գտնվող քարանձավը տեղակայված է ձորի լանջին, որին հասնելու համար մարդիկ ստիպված կառուցել են գերաններից պատրաստված աստիճաններ և կառույցը նման է լաստի, այդ իսկ պատճառով, ըստ ավանդազրույցների՝ տեղացիները նշված վայրն անվանել են «Լաստիվեր»։ XIII-XIV դդ. մոնղոլական արշավանքների ժամանակ բնակչությունը թաքստոց է գտել քարանձավում:
Քարանձավի պատերի որոշ հատվածներում զբոսաշրջիկները կարող են տեսնել խորաքանդակներ, որոնք պատկերում են հարսանիք։ Ըստ ավանդազրույցների՝ այդ խորաքանդակը թողնվել է այն մարդու կողմից, ով քարանձավում է եղել իր ճգնավորության ժամանակ, այդ իսկ պատճառով նշված վայրը նաև կոչում են «Անապատ»: Քարանձավից արահետ կա դեպի կիրճ, որտեղ գտնվում են «Լաստիվեր անապատ» վայրում կառուցված փայտե տնակները և Սառնաջուր գետի ջրվեժները։ «Կանաչ տուն» հանգստյան գոտուց դեպի «Լաստիվեր անապատ» քայլարշավի արժեքը մինչև 10 անձի համար կազմում է 15.000 ՀՀ դրամ, իսկ 10-ից ավել անձանց դեպքում՝ անձը 1000 ՀՀ դրամ (Լաստիվեր անապատի մուտքավճարը ներառված չէ արժեքի մեջ)։ Լաստիվեր անապատում մեկ անձի մուտքավճարը կազմում է 1.000 ՀՀ դրամ։ Գումարի մեջ ներառվում է տարածքում զբոսանքը և թեյից կամ սուրճից օգտվելը։